Հինգշաբթի, 26 Հունվարի 2017 19:34

ՓԱՍՏԱԲԱՆ ԿՐՈՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը`  դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ,  ճանաչել և հռչակել է  Սահակ Սահակյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ  հոդվածով՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ,  և արդարացրել նրան, Սահակ  Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Ս.Սահակյանի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Նախաքննական մարմնի կողմից Սահակ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 22-ին ժամը 23-ի սահմաններում Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում գտնվող քարհանքի պահակատան տնակում իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով և օգտագործելով 14 տարին չլրացած 05.06.2000թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, խաթարված ձևով սեքսուալ բնույթի այլ գործողություններ է կատարել նրա հետ: Նախաքննության մարմնի կողմից Սահակ Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, դատաքննության ընթացքում մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխվել է և ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով: Դատարանը՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմեր, արձանագրում է, որ օրենսդիրը սպառիչ կերպով թվարկել է քրեական դատավարությունում օգտագործվող ապացույցների տեսակները, որոնց թվում` որպես առանձին ապացույցի տեսակ, բացակայում են մեկ այլ քրեական գործով տուժողի, ամբսատանյալի, վկայի կամ օրինական ներկայացուցիչի մեկ այլ քրեական գործով տված ցուցմունքների պատճենները: Դրա փոխարեն, օրենսդիրը նախատեսել է դրանցում պարունակվող տվյալների` տվյալ գործի համար նշանակություն ունենալու դեպքում, որպես այլ փաստաթուղթ ապացույցի տեսակ օգտագործելու հնարավորություն` սահմանելով ամրագրման առանձնահատուկ ընթացակարգ: Ապացույցների ձեռքբերման և ամրագրման թույլատրելիությունը կարգավորող նորմերից հետևում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել uտացված փաuտական տվյալների հավաuտիության վրա: «Այսպիսով, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում»,- նշվում է արդարացման դատավճռում: Դատարանը գտել է, որ Սահակ Սահակյանին նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու, այնուհետև դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նրան մեղադրանք առաջադրելու համար նախաքննության մարմինն իր տրամադրության տակ չի ունեցել կոնկրետ Սահակ Սահակյանի մեղքը հիմնավորող այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել, ամրագրվել և գործին են կցվել քրեադատավարական օրենքով սահմանված և թույլատրելի համարվող կարգով: Հետևաբար, բացակայել է Սահակ Սահակյանին որպես մեղադրյալ ներգրավելու իրավական հիմքը և դրանից բխող մյուս ընթացակարգերի կիրառման համար անհրաժեշտ նախապայմանը: Դատավճռում նշվում է, որ դատարանը 30.11.2015թ. կայացված որոշմամբ բավարարել է ամբաստանյալ Սահակ Սահակյանի շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի միջնորդությունը և թվով 23 ապացույցներ ճանաչել անթույլատրելի, քանի որ դրանք ձեռք են բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ և սույն քրեական գործին ամրագրվել են միայն պատճենների կցման զուտ տեխնիկական կողմի ապահովմամբ՝ առանց սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննություն կատարելու: Սույն քրեական գործով նախաքննական մարմինը կոպիտ կերպով խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները՝ Սահակ Սահակյանի կողմից հանցանք կատարելու փաստի առթիվ դեռևս քրեական գործ չհարուցած ձերբակալել է վերջինիս, վերջինիս մեղադրանք է առաջադրվել, որից հետո որոշում է կայացվել սույն քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու, այն առանձին վարույթում առանձնացնելու և վարույթի տակ ընդունելու մասին: Այնուհետև նույն օրը մեկ այլ որոշմամբ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, դրանով իսկ կոպիտ կերպով խախտելով ՀՀ Սահմանադարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները: Դատարանն արձանագրել է, որ սույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրվող ամբաստանյալ Սահակ Սահակյանի վերաբերյալ պետք է կայացվի արդարացման դատավճիռ` հանցադեպի, հետևաբար և հանցակազմի բացակայության հիմքերով:
pastinfo.am

Read 833 times